Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը. փաստաբան

Գերասիմ Վարդանյան. Արխիվային լուսանկար
ՀՅԴ-ական երիտասարդի փաստաբանը հայտնեց, որ գրավի գումարը կկարողանան վճարել, եթե այն նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Տեղեկությունն իր էջում հրապարակել է նրա փաստաբան Բենիկ Պետրոսյանը։

«Ես հայտարարեցի, որ թե՛ ես, և թե՛ Գերասիմը նման դրամական միջոցների չենք տիրապետում և դժվար էլ մոտակա 50 տարում տիրապետենք։ Ի դեպ, մինչ այս պահը դատախազության կողմից չի լուծվել քննչական խմբի ղեկավարին իմ կողմից հայտնված բացարկը»,- ասաց Պետրոսյանը։

Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։
«Երկօրյա ժամկետում եթե այդ գումարը չփոխանցենք, ապա դատարանը կարող է կա՛մ պահանջել կալանավորել նրան, կա՛մ էլ գրավի չափը փոխել։ Եթե գրավի չափը նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով, ապա կկարողանանք վճարել»,- ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և երեկ ազատ արձակել։
«Ուժեղ ենք ու վճռական»․ Գերասիմ Վարդանյանը ազատ է արձակվել և Ֆրանսիայի հրապարակում է