ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում Երևանի կենտրոնական փողոցները փակած ցուցարարներին։
Ուժի կիրառմամբ իրավապահները բացեցին Հաղթանակի կամուրջն ու Արգիշտի փողոցը։ Ցուցարարներից ոմանց քարշ տալով նստեցրին ոստիկանության ավտոմեքենաներն ու հեռացրեցին անհնազանդության ակցիաների տարածքից։
Բերման ենթարկվածներ եղան նաև Հերացի փողոցից։
Չնայած դրան, ցուցարարները շարունակում են փակել փողոցները։
Այս պահին փակված են Մաշտոց–Պուշկին և Խանջյան–Տիգրան Մեծ խաչմերուկը, Կորյունի փողոցը։
Ցուցարարները նաև երթով քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով` քաղաքացիներին կոչ անելով միանալ։
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։