Երևանի Հանրապետության հրապարակի երթևեկությունը մի քանի րոպեով կաթվածահար եղավ։ Ոստիկանները փակել էին երթևեկելի հատվածը` «STOP Նիկոլ» շարժման մասնակիցներին թույլ չտալով առաջ շարժվել։
Արդյունքում հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տասնյակ մեքենաներ կուտակվեցին։
Րոպեներ անց ոստիկանները ստիպված եղան բացել ճանապարհը` ակցիայի մասնակիցներին թույլ տալով շարունակել երթը։
Հրապարակից ակցիայի ավտոմեքենաներն Արցախի ու Հայաստանի դրոշներով ընթացան դեպի Տիգրան Մեծ, այնտեղից` Արշակունյաց պողոտա։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29–ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերսկսվել են։