Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մայիսի 13-ին կհանդիպեն Դուշանբեում

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, մայիսի 13-ին կհանդիպեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:

«ՀՀ արտգործնախարարը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած այցին և գոհունակություն հայտնել արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:
ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՌԴ էր մեկնել ապրիլի 19-ին։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես էին եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։