«5165» շարժումը բողոքի երթ է կազմակերպել Երևանում․ ցուցարարներն իրենց հետ տանում են Արցախի 40–մետրանոց դրոշը։
«5165» շարջման մասնակիցները 40-մետրանոց դրոշով քայլերդով անցնում են Կիևյան կամրջի վրայով (27 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի, ոչ թե հրաժարական տա։
«Նա պետք է ձերբակալվի որպես պետական դավաճան, որպես պետական հանցագործ։ Ծնողները հետամուտ են լինելու, որ այդ դատը կայանա արդարադատության տառի համաձայն։ Ու դա շատ չնչին բան է ծնողներին հանգստացնելու համար», - ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Փաշինյանին դատելը Արցախում զոհված զինծառայողների ծնողների մեծ մասի պահանջն է։ Նա ինքը զոհված զինծառայող, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է։
«5165» շարժման մասնակիցները 40-մետրանոց դրոշով քայլերթով անցնում են Կիևյան փողոցով
© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքացիները Կիևյան փողոցից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։
«5165» շարժման մասնակիցները 40-մետրանոց դրոշով քայլերթով անցնում են Կիևյան փողոցով
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև Ազատության հրապարակից։