ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Համացանցում են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ ողբերգական վրաերթի տեսանյութերը։
Առաջին տեսանյութում երևում է, որ ճանապարհը փակել են, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը անցնի, մի կին փորձում է արագ անցնել, սակայն չի հասցնում։ Տեսանյութում նաև հստակ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում ոստիկանական ամենագնացը: Դեպքի վայրում կանգնած իրավապահ մարմինների աշխատակիցն էլ ամենայն հավանականությամբ կարգավորում է մեքենաների երթևեկությունն ու քաղաքացիների շարժը։
Երկրորդ տեսանյութում, որը սոցցանցերում է հայտնվել առաջինից մի քանի ժամ հետո, պարզ երևում է, որ կնոջը վրաերթի է ենթարկում նույն սպիտակ ամենագնացը, որից հետո և՛ այդ մեքենան է անցնում, և՛ Փաշինյանի ավտոշարասյան մյուս 8 մեքենաները։ Դրանցից ոչ մեկը կանգ չի առնում։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Մահացածը 29-ամյա Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում: