ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հանրության շրջանում ամենաշատը զայրույթ առաջացրած երեք հարցերի պատասխաններ՝ կապված հղի կնոջ վրաերթի և մահվան դեպքի հետ։
Հարցին, թե ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար, Չախոյանը պատասխանել է, թե վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է «Շտապօգնություն» կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Վարչապետի մեքենան հեռու է եղել․ նա չի իմացել, որ իր շարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։
«Շտապօգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»,- գրել է Չախոյանը։
Հարցին, թե ինչու ՃՈ աշխատողները չեն կանգնել օգնություն ցուցաբերելու համար, Չախոյանը պատասխանել է, որ «մեկ ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը»
«Այդպես կփակվեր փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ կլինեին նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն»,- գրել է Չախոյանը։
Նա նշել է, որ նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:
Հարցին, թե ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ, Չախոյանը տեղեկացրել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։