Երևանում վրաերթից մահացած 29-ամյա հղին Արցախի «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր

Սոնա Մնացականյանը ծնվել ու մեծացել է Արտաշատի Բերքանուշ գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում: Տեղեկությունը տարածել է կազմակերպությունը։
«Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր: Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել է Արտաշատի Բերքանուշ գյուղում: Նախորդ տարի էր ամուսնացել ու բնակվում էր Երևանում։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։