Թուրք պատգամավորի դեմ ցեղասպանության վերաբերյալ գրառման համար հետաքննություն է սկսվել

Ընդդիմադիր պատգամավորը գրել էր 107 տարի առաջ Ստամբուլում ձերբակալված հարյուրավոր հայ մտավորականների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր Cumhuriyet թերթը։

Հետաքննությունը սկսվել է պատգամավորի՝ իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության մասին արած գրառման համար։ Նշվում է, թե «կան հստակ ապացույցներ, որ նսեմացվում է Թուրքիայի հանրապետության հոգևոր ինքնությունը»։

Նշենք, որ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է 6 ամսից մինչև 2 տարվա պատիժ այն անձանց համար, ովքեր վիրավորում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքիայի մեջլիսին, կառավարությանը և պետական դատական ատյաններին։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորն իր թվիթերյան էջում գրել էր, որ 107 տարի առաջ ապրիլի 24-ին Ստամբուլում հարյուրավոր հայ մտավորականներ են ձերբակալվել, որոնք աքսորվել են, իսկ այնուհետ անհետ կորել։ Ըստ նրա՝ առանց այս պատմական իրադարձության հետ առերեսվելու, հնարավոր չէ հասնել արդարադատության։