Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը. ԶԼՄ

«Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը, գրում է «Հրապարակ» թերթը։ Նշվում է, որ նախագիծն արդեն շրջանառության մեջ է։
«2 ամիս առաջ ընկերությունների բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցվել են տարածքային կառավարման նախարարությանը։ Նպատակն է՝ «ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը»: «Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից»,–գրում է թերթը։

Հիշեցվում է, որ ժամանակին մամուլն այս գործարքը կապում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ, քանի որ համանման գործարքով արդեն ՊՆ-ի կազմում էր հայտնվել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորա ՀԷԿ»-ը:

«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։
«Արմենիկումն» իր գործունեությունը, որպես ինֆեկցիոն հիվանդանոց, շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում` մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված: