Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է 2016 թվականի փաստաթղթի առաջին 3 պարբերությունները

Սերժ Սարգսյան
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը վստահեցնում է, որ պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունները։
Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրում գրված է. «Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայն ենք, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրատապ լուծում են պահանջում։ Մենք վերահաստատում ենք հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված փաստաթղթերին: Այս հռչակագիրը հիմնված է փաթեթային պայմանավորվածության սկզբունքի վրա։ Դրանում պարունակվող դրույթները մեկ ամբողջություն են կազմում, չեն կարող իրագործվել միմյանցից անջատ և միջազգային հուսալի վերահսկողություն են պահանջում ` ներառյալ համանախագահ երկրների վերահսկողությունը»։
«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- գրված է ՀՀ 3-րդ նախագահի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասել էր, որ իր կարծիքով՝ այն ուժերը, որոնք 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու մտադրության համար, 20 տարի անց հանգեցին նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ հիպերփուլային լուծման տարբերակը։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանը պատասխանեց նրան` հայտարարելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ։
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան