ՀՀ իշխանության մոտեցումն Արցախի հարցում ավելի հասկանալի է դառնում, բայց հարցերը մնում են

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի վարչապետի՝ չորեքշաբթի օրվա ելույթը խորհրդարանում երևի կարելի է այսպես վերնագրել. «Այո՛, մեղավոր եմ, բայց…»։
Sputnik
Եթե խոսքը կոնկրետ Արցախի և վերջին պատերազմի մասին է, այդ «բայցը» մոտավորապես այսպիսի իմաստ է ստանում՝ մեղավոր եմ, սակայն բոլորովին ոչ այն բանում, ինչի համար ինձ մեղադրում են։ Մեջբերեմ. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ։ Հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ասաց վարչապետը։
Իհարկե, շատ ճիշտ եք փաստում՝ հողեր բոլոր դեպքերում կորցրինք։ Բայց, կներե՛ք, դուք հասկացա՞ք՝ կոնկրետ ինչըհանձնելումասինէրասումվարչապետը։ Ես էլ եմ համոզված, որ խոսքը այնուամենայնիվ Արցախի մասին չէ։ Մնում է ենթադրել, որ Արցախը շրջապատող տարածքների մասին է։ Բայց ախր, այդ տարածքները, ըստ Ստեփանակերտում ընդունված Հիմնական օրենքի, հանդիսանում են Արցախի Հանրապետության անքակտելի մասը։ Պարզապես մեջբերեմ 2017 թվականի ղարաբաղյան սահմանադրության 175-րդ հոդվածը. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:
Այսինքն` բոլորովին պարզ չէ, թե ինչպես կարելի է Երևանում նստած ակնարկել՝ կուզեի, կհանձնեի, կուզեի, չէի հանձնի։ Բա արցախցիների կարծի՞քը, բա հայաստանյան հասարակության արձագա՞նքը։
Բայց Արցախի հարցում հայաստանյան մոտեցման հիմնական փոփոխությունը, ըստ վարչապետի, սա է. «Մի շատ կարևոր նրբություն: Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած` մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է վարչապետը։
Համաձայնե՛ք, միանգամայն տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է տալ այս նոր թեզը՝ «այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը»։ Այսինքն` երևի կարելի է նաև այսպես հասկանալ՝ քանզի տեսանք, որ կարգավիճակի հարցն առաջ տանելն անհույս է, և միջազգային հանրության հավանությանը ամենևին չի արժանանում, եկեք մի կողմ դնենք կարգավիճակի պահանջը և սևեռվենք արցախցիների անվտանգության երաշխիքների ու իրավունքների վրա։ Այդ դեպքում, հարց է ծագում՝ կոնկրետ հիմա, 2020 թվականի պարտությունից հետո, անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Հայաստանը, որը տարիներ շարունակ հայտարարում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եթե ռազմական օգնություն այլևս չենք կարող կամ չենք պատրաստվում տրամադրել, մնում է հույսեր կապել միայն ու միայն ռուսաստանցի խաղաղապահների և միջազգային հանրության արձագանքի հետ։
Բայց ախր, այս մեր նոր դիրքորոշման մասին, որը ոմանք այսպես են բնութագրում՝ մեզ վրա այլևս հույս չդնեք, առնվազն պետք է ազնվորեն տեղեկացնեինք արցախցիներին։ Որովհետև հենց նույն օրը Արցախի նախագահը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ, և ահա թե ինչ է հայտնել Արայիկ Հարությունյանի աշխատակազմը. «Հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը»։ Երևի չեք առարկի՝ արցախցիներին կարելի է լիովին հասկանալ. Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշում է փոխում, իսկ Ստեփանակերտում մարդիկ այդ մասին իմանում են հեռուստացույցից կամ ինտերնետային կայքերից։
Եվ այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի ելույթից առնվազն մի լավատեսական եզրակացություն կարելի է անել՝ իշխանությունները գոնե հասկանում են պահի ողջ լրջությունը։ Մեջբերեմ. «Բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում։ Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի»,- ասել է վարչապետը։
Դե ի՞նչ՝ չափազանց դժվար է հիմա գուշակել, թե ինչպիսին է լինելու մեր նավի այդ խաղաղ հանգրվանը, բայց եթե իշխանություններն իրոք հաշվարկել են բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, դա արդեն հույս է ներշնչում։
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ