ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում ռուսական ավիակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել։
Ինչպես հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից` զինծառայողները ցերեկվա և գիշերային ժամերին թռիչքներ են իրականացրել ցածր բարձրությունների վրա, եղանակային բարդ պայմաններում, լեռներում, կատարել են վայրէջք սարքերի օգնությամբ, խոցման միջոցներից խուսափելու մանևրումներ արել։
Պիլոտաժի տարրերից էին մարտական շրջադարձերը, հորիզոնական «տակառները», թեքադարձերը, ուղղաձիգ վայրէջքները, Նեստերովի հանգույցը, «կոբրան», «զանգը» և այլ հնարքներ։
Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու գծով վարժություններ։ Առաջադրանքները կատարվել են միայնակ, զույգով և շղթայական։
«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՀՌՕ ռուսական ավիաբազան ստեղծվել է 1995 թվականին։ 1998 թվականի նոյեմբերին Ռուսաստանից բազա են տեղափոխվել Միգ-29 բազմաթիրախային կործանիչներ։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում գտնվող ստորաբաժանումներից ձևավորվեց ավիակայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։