Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը մտել է դատաքննության փուլ. ի՞նչ է պահանջում հայցվոր կողմը

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության։
Ինչպես հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից` Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին. մասնավորապես` 2021 թ․ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ այդ ժամանակահատվածում ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը մեղադրվելիս է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։

«Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև անմեղության կանխավարկածը խախտող»,- ասել է Ալումյանը։

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական գործն այսօր կայացած դատական նիստով մտել է դատաքննության փուլ։
Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետք
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը դատարան մուտքագրվել էր 1 տարի առաջ` 2021թ-ի ապրիլի 7-ին։
Հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում են Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով: