Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով

Արարատ Միրզոյան
Պաշտոնյաները խոսել են խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Բայրամովն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։