Մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային. Ֆրենկ Փալոն

Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ մեծ սխալ կլինի Թուրքիային F-16 Block 70` մոդիֆիկացված կործանիչներ վաճառելը։ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի նամակին։
Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ F-16 40 կործանիչների, ինչպես նաև իր ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացման 80 սարքավորումների գնման խնդրանքով: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը նամակ է հղել Կոնգրեսին, որտեղ ասվում է` Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին:

«Պետդեպարտամենտի կողմից մեծ սխալ կլինի F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ ավտորիտար ռեժիմին, որը չկատարեց ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությունները։ Նման վտանգավոր առաջարկի ընդունումն Էրդողանին կխրախուսի Թուրքիայում և արտասահմանում մարդու իրավունքների խախտումների և չարամիտ գործունեության հարցում»,–գրել է Փալոնը։

Հավելենք, որ մարտի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ F-16 կործանիչների մատակարարման շուրջ ԱՄՆ–ի հետ երկկողմ բանակցությունները դրական և կառուցողական մթնոլորտում են անցել։