Ինչպե՞ս պետք է հարկ վճարեն Հայաստանում գրանցված, բայց արտերկրում աշխատող գործարարները

Կառավարությունը հստակեցրել է էլեկտրոնային վճարման կարգը։ Դա կարելի է անել Հայաստանի, արտերկրի բանկերի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ուկրաինական իրադարձությունների ու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով մեծ թվով օտարերկրյա գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Կան և այնպիսիք, որոնք Հայաստանում վերագրանցվել են, բայց գրասենյակներ չեն բացել,այլ շարունակում են աշխատել արտերկրում ու էլեկտրոնային ծառայություններ են մատուցում համացանցի միջոցով։
ՀՀ հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ–ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ը վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը։
Կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանում ՏՏ ոլորտի ընկերությունների համար
Թե ինչ կարգով պետք է դա կատարվի, օրենքը թողնում է կառավարության կարգավորմանը։ Կառավարությունն էլ մինչ օրս նման կարգ չի սահմանել։
Իրավական բացն ուղղելու համար գործադիրի այսօրվա նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է, որ ՀՀ–ում գրանցված, բայց ՀՀ տարածքում չգործող կազմակերպությունները ԱԱՀ կարող են վճարել կա՛մ բանկային փոխանցման միջոցով, կա՛մ վճարային քարտով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով։
Ընդ որում, փոխանցումները կարող են կատարել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա բանկերի միջոցով: