Վանաձորում խանութից քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար են պահանջել

Սուպերմարկետի տնօրենն ու մենեջերը բերման են ենթարկվել։ Պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վանաձորի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերն ու տնօրենը բերման են ենթարկվել շորթման կասկածանքով։ Բայց պարզվել է, որ դա նրանց միակ հանցավոր արարքը չէ։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մենեջերը փետրվարի 13-ին բռնել է խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել պահեստ ու պահել այնտեղ։ Ապա զանգահարել է երեխաների ծնողներին ու 1000 դոլար պահանջել՝ ոստիկանություն չհայտնելու և երեխաներին չվարկաբեկելու դիմց։
Ծնողները հայտնել են, որ սոցիալապես ծանր վիճակում են, որի արդյունքում համաձայնության են եկել մենեջերին ամսական մաս-մաս 100 000 դրամ վճարել:
Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:
Օրեր անց, մենեջերը, տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է երեխաների ծնողներից ստացած հերթական գումարը, որը նախապես քիմիական մշակման է ենթարկված եղել իրավապահների կողմից։
Ուլտրամանուշակագույն լույսի տակ տնօրենի ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքերը:
Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով ծխախոտի տուփ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։