Նույնիսկ հարկային եկամուտների նվազման դեպքում կառավարությունը չի կրճատի բյուջեի ծախսերը

Տիգրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. 2022թ– բյուջեի պարտք/ ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռևս վաղ է։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի` ընթացիկ տարվա ֆինանսական ռիսկերի ու բյուջեի հիմքում դրված ցուցանիշների մասին հարցին։
«Մենք գտնվում ենք այնպիսի մակրոտնտեսական անորոշությունների ժամանակահատվածում, որոնք ընդհանուր առմամբ կարող են ունենալ բացասական ազդեցություն` նախապես կանխատեսված տնտեսական ակտիվության ու աճի ցուցանիշների վրա, իսկ դա, բնականաբար, իր ուղիղ ազդեցությունն ունի նաև մեր հարկային եկամուտների վրա»,– ասաց Խաչատրյանը` չբացառելով, որ, եթե այդ բացասական ազդեցությունը երկար տևի, ապա տարին կավարտվի կանխատեսվածից ցածր եկամուտների հավաքագրմամբ։
Ամեն դեպքում, ըստ ֆինանսների նախարարի` կառավարությունում որոշել են, հընթացս հետևելով իրավիճակին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել 2022-ի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ կատարելու համար։
«Մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների նվազման դեպքում ծախսերը կրճատենք»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ դրա փոխարեն թերհավաքված հարկային միջոցները կփոխարինվեն վարկերով։
Արդյունքում, նախարարի հաշվարկով, հարկեր/ ՀՆԱ ցուցանիշը կգերազանցի նախապես կանխատեսված 60.2 տոկոսը, բայց թե որքանով, Խաչատրյանը չմանրամասնեց։
4 կուսակցություն ՀՀ բյուջեից 520 մլն դրամ աջակցություն կստանան