Գյումրու 34-ամյա բնակչին սպանելու գործով 3 հոգու են կալանավորել. 1-ն ինքնակամ է ներկայացել

Մեկուսարան
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ սպանությունն իրագործել են առանց նախնական համաձայնության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գյումրու 34-ամյա բնակիչ Վահագն Հարությունյանի սպանության գործով 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին շտապօգնության հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի Անդրանիկի արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Տղամարդն արդեն մահացած է եղել։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք Գյումրի քաղաքի երեք բնակիչներ են: Վերջիններս 2022 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 00։47-ի սահմաններում, առանց նախնական համաձայնության, խուլիգանական դրդումներով, ապօրինաբար դիտավորությամբ 34-ամյա տղամարդուն զրկել են կյանքից»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Որոշում է կայացվել վերոնշյալ երեք տղամարդկանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2022 թվականի մարտի 17-ին հետախուզման մեջ գտնվող տղամարդկանցից մեկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
2022 թվականի մարտի 26-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս երկու անձինք: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Երեքն էլ կալանավորված են։ Նախաքննությունը շարունակվում է: