ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 26–ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ կինը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։