Արցախի Կոլխոզաշեն գյուղը զարմանալի և մի քիչ էլ տարօրինակ տեղանքում է կառուցված։ Ժայռերի մեջ միահյուսված տներ, որոնցից շատերին հասնելու համար պետք է բառացիորեն մագլցես այդ ժայռերը։ Այս կոլորիտի մեջ էլ ձուլվել են կոլխոզաշենցիները՝ ամուր պահելով պատմական Արցախի սովորույթներն ու մշակույթը։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, որը պատերազմից հետո շատ է տուժել։ Բայց կոլխոզաշենցիները գտնում են քարից հաց քամելու ուղիները։
Կոլխոզաշեն համայնքի երեխաների հետ
© Sputnik / Nairi Hokhikyan
Կոլխոզաշենի գյուղապետ Սևակ Բաբայանը մեզ հետ զրույցում ասում, որ 2020–ի պատերազմից հետո մարդիկ այստեղ ավելի շատ անասնապահությամբ են զբաղվում, որովհետև վարելահողերի մեծ մասը մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Գյուղում դեմոգրաֆիկ տխուր պատկեր է` նախադպրոցական տարիքի 11 երեխա կա, իսկ այս տարի առաջին անգամ Կոլխոզաշենում 1-ին դասարան չի ձևավորվել։
Գյուղապետը բազմիցս դիմել է Արցախի կառավարությանը՝ համայնքի վերաբնակեցման ծրագրեր առաջարկելով։ Այսպես և՛ տեղահանվածները տնով կապահովվեն, և՛ գյուղում կյանքը կաշխուժանա։
Կոլխոզաշեն համայնքը
© Sputnik / Nairi Hokhikyan
Նա այդ ճանապարհին առավել արդյունավետ է համարում գյուղում նոր բնակարանաշինությունը, որպեսզի երիտասարդ ընտանիքներ հաստատվեն գյուղում, այլապես առանց այն էլ ծերացող բնակավայրն ամբողջությամբ կզրկվի երիտասարդներից։
Արցախի կառավարությունն էլ իր հերթին հայտարարել է գյուղերի վերաբնակեցման ծրագրի մասին, որից օգտվող ընտանիքները տուն ու կենցաղային իրեր են ստանում, ապահովվում աշխատանքով։ Ինեսսան ու Վանոն Վանաձորից վերաբնակեցվել էին Քաշաթաղում։ Պատերազմից հետո նրանք Կոլխոզաշենում այդպիսի ծրագրով հաստատված ընտանիք են։ Երկու մանկահասակ երեխա ունեն՝ 1 և 3 տարեկան։ Կինը կենսաբանության ուսուցչուհի է։ Գյուղի դպրոցն էլ վերջին 3-4 տարիներին զրկված է եղել այդ առարկան դասավանդող մանկավարժներից։ Հիմա Ինեսսան աշխատում է դպրոցում։
Կոլխոզաշեն համայնքի բնակիչներ Վանոն ու Ինեսսան որդու հետ
© Sputnik / Nairi Hokhikyan
Մտնում եմ ընտանիքին հատկացված տուն։ Հնամաշ, ճաքած պատերով ու փայտե լուսամուտներով կացարան է, որի նորոգման համար կառավարությունը խոստացել է միջոցներ հատկացնել։ Կոլխոզաշենի համայնքապետարանը, Մարտունու վարչակազմը, սոցապնախարարությունը տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ՝ կենցաղային իրերից մինչև վառելափայտի գումար, իսկ տարածքային կառավարման նախարարությունը տևական ժամանակ խոստանում է սկսել նորոգումը՝ գոնե պատի ճեղքերը փակելու և քամու հոսքը դադարեցնելու համար, բայց գործը խոստումից այն կողմ չի անցնում։
Կոլխոզաշեն համայնքի բնակիչներ Վանոն ու Ինեսսան որդու հետ
© Sputnik / Nairi Hokhikyan
«Դեռ սպասում ենք նորոգման նվազագույն աշխատանքին, բայց աստիճանաբար հարմարվում ենք»,-զրույցի ժամանակ ասում է վանաձորցի Ինեսսան՝ շեշտելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելով, պիտի կարողանանք պահել Արցախի բնակավայրերը։ Նշում է` եթե Արցախն էլ հայաթափվեց, ապա կկորցնենք ամեն ինչ։
Հարցին, թե ինչու հենց այս գյուղն ընտրեցին, Ինեսսան ասում է, որ Կոլխոզաշենում տարբերվող` հիանալի մարդիկ են ապրում, բացի այդ այստեղ մանկավարժի կարիք կար և հավելում.
«Հայաստան, Արցախ` տարբերություն չկա, կա մի ընդհանուր հայրենիք` սա մեր հողն է, և մենք պետք է պահենք այն։ Ի դեպ, ինչպես ուզում եք հասկացեք` մենք Արցախում մեզ ավելի ապահով ենք մեզ զգում, քան Հայաստանում»։
Կոլխոզաշեն համայնքի դպրոցի ուսուցիչ Լենուշա Հովհաննիսյան
© Sputnik / Nairi Hokhikyan
Գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Աշխարհագրության ուսուցիչ Լենուշա Հովհաննիսյանը մեզ է պատմում գյուղի պատմությունն ու առանձնակի հպարտությամբ ներկայացնում իրենց գյուղի հայտնիներին։ Այս գյուղում է ծնվել բանաստեղծ, լրագրող ԽՍՀՄ գրողների միության անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Բեգլարյանը։ Նա լայն հասարակությանն ավելի հայտնի է որպես Արցախի յուրատեսակ «հիմնի»` «Ղարաբաղցին» երգի բառերի հեղինակ։
Կոլխոզաշեն համայնքի ղեկավար Սևակ Բաբայան
© Sputnik / Nairi Hokhikyan
Կոլխոզաշեն գյուղն արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր ճանապարհը գրեթե 5-6 կմ քարքարոտ ու դժվարանցանելի է, բայց շնորհիվ բնության պարգևած տեսարանների շատ չես զգում ճանապարհի դժվարությունները։ Մի կողմից թթի այգիներն են, մյուս կողմից ճանապարհի երկայնքով հոսում է Վարանդա գետի վտակը՝ դառնալով ամառային զբոսաշրջության ամենացանկալի վայրերից մեկն Արցախում, մանավանդ որ քիչ այն կողմում Ամարասի 1700-ամյա վանական համալիրն է։
Կոլխոզաշեն համայնքը
© Sputnik / Nairi Hokhikyan