ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արագածոտնի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում, այդ թվում` Վանաձոր քաղաքում, դադարեցվել է խմելու ջրի մատակարարումը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն ու ձյան առատ տեղումներն են։
Մասնավորապես` Արագածոտնի մարզում դադարեցվել է Յոթաղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը:
Լոռու մարզում էլ խնդիրներ են առաջացել Վանաձորը սնուցող Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում: Դրա հետևանքով Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն վստահեցնում է, որ միջոցներ են ձեռնարկվում նշված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:
Իսկ մինչ խնդրի լիարժեք լուծումը նշված բնակավայրերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստեռնների միջոցով: