Վերջ քրգործերի «ձեռքով մակագրմանը». բանալիները վերադարձվել են

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին, տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
Նշենք, որ համակարգն ավելի քան կես տարի խափանված է, և համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, այսինքն` «ձեռքով են մակագրում» դատական գործերը։ Հարցն այն է, որ քրգործերից մեկի շրջանակում առգրավվել էին մակագրման բանալիները։
Աբրահամյանը հայտնում է` ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։
«Մասնավորապես, քրգործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները։ Իսկ համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա»,–գրել է Աբրահամյանը։
Նրա խոսքով` քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան` կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։