Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ

Փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Հայտնել էինք, որ Ադրբեջանը, երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Բայրամովը չէր մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը. ասել էր միայն, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

«ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։