Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այսօր տեղի է ունեցել ակցիա` ի աջակցություն Ուկրաինայում հատուկ գործողություն իրականցող Ռուսաստանի։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ներկայում Հայաստանը պարտավոր է լինել Ռուսաստանի կողքին և աջակցել ամենահուսալի ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին:
«Այսօր Ռուսաստանն Ուկրաինային ազատում է նեոֆաշիզմից, ռուս ժողովուրդը ազատում է ուկրաինացիներին ֆաշիստական ղեկավարությունից։ Սատարում եմ Ռուսաստանի բոլոր գործողությունները»,– ասաց Ախոյանը:
Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է բազմաթիվ թելերով, այդ թվում՝ տնտեսական։ Նա հավատում է, որ ռուս ժողովուրդը կդիմանա և կհաղթահարի բոլոր պատժամիջոցները։ Ավելին, Ախոյանը կարծում է, որ ստեղծված այդ իրավիճակը կարող է խթան հանդիսանալ հետխորհրդային պետություններում արտադրության վերածննդի և զարգացման համար։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ռուսաստանի համար հաջող ելքն անխուսափելի է։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ռուսական կողմը դանդաղ, բայց առաջ է գնում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ նշանակություն ունի ռուսական պետականության գոյության, հետևաբար՝ նաև Հայաստանի համար»,- ասաց Ջամալյանը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանն իր սկզբունքային խոսքը պետք է ասի այս օրերին։ Նա կարծում է, որ Ռուսաստանի հաջողությունը կդառնա հայոց պետականության հզորացման և ամրապնդման առանց այլընտրանքի երաշխիքներից մեկը:
Ջամալյանը նաև մեկնաբանեց վերջին օրերի սահմանային իրադրությունը։ Նրա կարծիքով, թուրք–ադրբեջանական տանդեմն օգտվում է իրավիճակից և դրանով իսկ փորձում ՌԴ–ի պետականությանը հարված հասցնել` Արցախում և Հայաստանում ապակայունացնելով իրավիճակը։
Փորձագետը նշեց, որ Ռուաստանն ու Ադրբեջանը երբեք չեն լինի դաշնակիցներ, իսկ ստիպված մտերմությունն ուղղված է Հարվային Կովկասում փխրուն խաղաղությունը պահպանելուն։
Ակտիվիստներից մեկը` Ռուբեն Ծատուրյանն էլ ասաց, որ ինքն ու իր համախոհները պատրաստ են Դոնբաս մեկնել որպես կամավոր։
«Նրանք դարեր շարունակ աջակցել են մեզ, մենք էլ պետք է կանգնենք ռուս ժողովրդի կողքին։ Ներկա պահին 20 տղա կա, ովքեր այսօր էլ պատրաստ են ուղևորվել Դոնբաս կամ Ղրիմ` աջակցելու մեր ռուս եղբայրներին»,– ընդգծեց Ծատուրյանը
Դեսպանատան առջև նա նաև ընթերցեց աջակցության մասին համապատախսան նամակը։