Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանում՝ Կուրտիկ լեռան հյուսիսային լանջին մի գյուղ կա՝ Թելիկ անվանումով։ Ժամանակի ընթացքում թուրքերն ու քրդերն այն անվանափոխել են՝ դարձնելով Դելիկ։ Նրանք այդպես վարվում են հայկական բնակավայրերի նկատմամբ այն դեպքում, երբ գյուղի կամ քաղաքի հայկական անվանումը հասանելի չէ իրենց լեզվամտածողությանը։ Այդպես թուրքերը հայկական Կումայրին անվանեցին Գյումրյու, ինչից էլ հետագայում առաջ եկավ Գյումրի անունը։ Այդպես թուրքերն ու քրդերը անվանափոխեցին նաև Թելիկը՝ անտառապատ, հարուստ բուսականությամբ, գեղեցիկ գյուղը։ Ասում են` այնտեղից դուրս եկած մշեցի գեղեցկուհիները հոտաղ տղաների սիրտ էին դաղում, ու այնտեղ թոնիրներում թխվող թարմ լավաշի բույրը տարածվում էր ամենուր։
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը
© Sputnik / Nairi Hokhikyan
Մշո Թելիկի բնակիչներից ոմանք ցեղասպանության ժամանակ կարողացան փրկվել ու հասնել Արևելյան Հայաստան։ Այստեղ նրանք բնակություն հաստատեցին Արաքս գետի հենց ափին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նորից անցնեն գետն ու վերադառնան էրգիր։ Այստեղ էլ նրանք հիմնեցին իրենց բնակավայրը՝ պահպանելով իրենց բնիկ գյուղի անունը՝ Թելիկ։ Թելիկը տարիների ընթացքում կրկին փոփոխության ենթարկվեց՝ դառնալով՝ Թլիկ։ Հայաստանի ու Թուրքիայի անմիջապես սահմանին կանգնած Թլիկ գյուղում այսօր ապրում է 123 մարդ։ Բոլորը՝ եզդի։
Թլիկը վարչական առումով ներառված է Արագածոտնի մարզում։ Ժամանակի ընթացքում Թլիկի բնիկ հայերը հեռացել են՝ իրենց տեղը զիջելով անասնապահությամբ զբաղվող եզդիներին։ Նրանք էլ շատ չեն, աստիճանաբար նրանք էլ են հեռանում՝ պատճառաբանելով, թե գյուղում ապրելու պայմաններ չկան, նույնիսկ սովորական խմելու ջուրը խնդիր է։ 40 տարի է` մշտական ջուրն այս գյուղի բնակիչների համար երազանք է։ Կյանքի վատ պայմաններից դժգոհող թլիկցիները խուսափում են տեսախցիկի առաջ պատմել իրենց գյուղի մասին։ Շրջում եմ կիսադատարկ գյուղում, որտեղ երբեմնի շեն բնակավայրից մնացել են կիսավեր տներ ու քարքարոտ ճանապարհներ։ Ասֆալտը ևս Թլիկում երազանք է։ Եզդի մի կին ասում է, թե իրենք հայ չեն, դրա համար իշխանությունները երբևէ իրենց մասին մտածելու նեղություն չի տվել իրենց։
Թլիկի դպրոցի եզդի աշակերտուհի
© Sputnik / Nairi Hokhikyan
Քարքարոտ ու ցեխոտ ճանապարհներով հասնում եմ գյուղի դպրոց։ Թլիկի միակ կառույցն է, որտեղ երևում է պետական հոգածության հետքը։ Դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյանը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում։ Հարևան գյուղից է։ Ոգևորությամբ պատմում է, որ իր խնդրանքին Արագածոտնի մարզպետարանն ընդառաջել է՝ կոսմետիկ նորոգելով դպրոցն ու տրամադրելով անհրաժեշտ գույքը։
Թլիկի դպրոցում սովորում է 17 աշակերտ։ Նրանց դասավանդում է ընդհանուր առմամբ 12 ուսուցիչ։ Տնօրենն ասում է՝ երեխաները 9-րդ դասարանից հետո այլևս ցանկություն չեն ունենում ավագ դպրոցում սովորելու։ Եզդիական սովորույթ է՝ զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ, և միայն շատ քչերն են կարողանում ճեղքել ազգային քարացած կարծրատիպերն ու բարձրագույն կրթություն ստանալ։
Թլիկի դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյան
© Sputnik / Nairi Hokhikyan
Թլիկի բնակիչների հետ փորձում եմ զրուցել վերջին շրջանում լայնորեն քննարկվող Թուրքիայի սահման բացելու թեմայի շուրջ։ Հարցը միանգամից լարվածություն է առաջացնում մարդկանց մոտ։ Ի՞նչ սահման բացել։ Սիրիայում ու Իրաքում նույն թուրքերը կոտորեցին եզդիներին, Արևմտյան Հայաստանում ևս եզդիները կոտորածի զոհ դարձան ինչպես թուրքերի, այնպես էլ քրդերի կողմից, հիմա էլ այստեղ են ուզում իրենց թիրախ դարձնել։ Սա եզդի կնոջ արձագանքն էր։
Թլիկի բնակիչներին, սակայն, սահման բացել-չբացելուց ավելի շատ հետաքրքրում է կենցաղային երկու խնդիր՝ խմելու ջուր և ասֆալտապատ ճանապարհ։ Երկուսն էլ այստեղ բացակայում է։
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը
© Sputnik / Nairi Hokhikyan