ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»,–նշել է Բեգլարյանը` հավելելով, որ ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո:
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 31–ին Մարտակերտ քաղաքում նոր բնակարաններ էին ստացել Արցախի պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ։
Բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին էր հանձնել և նրանց շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը: