Դատախազությունը Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն կալանավորելու հերթական փորձն է անում

ՀՀ գլխավոր դատախազություն
Ըստ մամուլի` Արտակ Սարգսյանին կալանավորելու փորձերը հաջողության չեն հասնում ոչ միայն Սասուն Խաչատրյանի, այլև նրա եղբոր` ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանի` դատարանների վրա ունեցած ազդեցության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Դատախազությունը պահանջում է կալանավորել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, որը, ըստ մամուլի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է:
ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ պահանջով վճռաբեկ բողոք են ներկայացրել` բողոքարկելով վերաքննիչ դատարանի որոշումը, որով Սարգսյանն առ այսօր մնացել էր ազատության մեջ։
Հիշեցնենք` Արտակ Սարգսյանը ձերբակալվել էր հունվարի 20-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` ՔԿՀ պետի ձերբակալման պատճառը նրա ղեկավարած հիմնարկում տեղի ունեցած խոշտանգման դեպքն է. ՔԿՀ երկու աշխատակից խոշտանգման էին ենթարկել դատապարտյալներից մեկին:
Հարուցված քրեական գործի շրջանակում դատախազությունը ՔԿՀ երկու աշխատակիցներին ու պետի կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Առաջին ատյանի դատարանը բավարարվել էր աշխատակիցներին կալանավորելու միջնորդությունները, իսկ պետինը` մերժել։ Դատախազությունը այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում, բայց որոշումը մնացել էր անփոփոխ։ Այժմ դատախազությունը վճռաբեկ դատարան է դիմել։ Թե երբ կքննվի բողոքը, դեռ հայտնի չէ։
Նշենք, որ ըստ մամուլի` Արտակ Սարգսյանին կալանավորելու փորձերը հաջողության չեն հասնում ոչ միայն Սասուն Խաչատրյանի, այլև նրա եղբոր` ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանի` դատարանների վրա ունեցած ազդեցության պատճառով։