Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է մահացել

50-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, վրաերթ կատարած վարորդը փախուստի է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Այսօր վաղ առավոտյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանի դին:
Իրավապահները ենթադրում են, որ 50-ամյա տղամարդը մահացու վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ: Կատարվում է տեղազննություն։
Փաստի առթիվ Ա.Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: