Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել

Դոլար և եվրո. Արխիվային լուսանկար
Դոլարը և եվրոն ռուսական ռուբլու նկատմամբ Forex շուկայում բարձրացել են համապատասխանաբար 33 և 35%-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg-ի տվյալներին։
Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:

Մոսկվայի ժամանակով 7:05-ի դրությամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 122,15 ռուբլի: Դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 107,68 ռուբլի։ Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը հասել էր 132,88 ռուբլու, և դա առավելագույն ցուցանիշն էր, իսկ դոլարը՝ 117,82 ռուբլու:

Փորձագետները ակնկալում էին ռուբլու փոխարժեքի անկում՝ Ռուսաստանի բանկի ակտիվների սառեցման` պատժամիջոցների մասին որոշումների ֆոնին։ Մասնավորապես, Univer Capital ներդրումային խմբի վերլուծության վարչության ղեկավար Անդրեյ Վերնիկովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ դոլարը կարող է հասնել 100-120 ռուբլու, բայց ԿԲ-ն կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը ու մեկ շաբաթ անց այն կվերադառնա 85 ռուբլու:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։