ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը` ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու մասին։
«Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազներն իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»,– իր Տելեգրամ-ալիքում գրել է Քոչարյանի որդին։
Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։