ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ադրբեջանցի պատգամավորների Հայաստան ժամանելու դեմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որը վերածվեց ծեծկռտուքի:
«Հավաքվել ենք թուրքերի (ադրբեջանցիների, – խմբ.) հետ ընկերություն չանելու համար։ Տղաները կանգնած են դիրքերում, որպեսզի թույլ չտան թուրքերի առաջխաղացումը, իսկ այստեղ ազատ թողնում են, որ նրանք գան ու սուրճ խմեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները կամավորներներ են, պատերազմի մասնակիցներ։
Ակցիայի մասնակիցներն ընդհանուր առմամբ դեմ են նաև Երևան-Ստամբուլ չվերթերի վերականգնմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ակցիային միջամտեց ոստիկանությունը և փորձեց ուժով բացել երթևեկելի մասը, քաշքշուկ սկսվեց։
Ոստիկանության մի քանի անհաջող փորձից հետո նրանց հաջողվեց վերականգնել երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցները խոստացան ավելի մեծ և լուրջ ակցիաներ կազմակերպել, եթե իրենց պահանջները չբավարարվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։
Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Նշենք նաև, որ 2 տարվա ընդմիջումից հետո` 2022 թվականի փետրվարի 2-ից, վերսկսվել է ուղիղ ավիահաղորդակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը ներկայում իրականացվում են շաբաթական 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Նախատեսվում է, որ դրանք կարող են լինել նաև չորեքշաբթի օրերին։