ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ, 61-ամյա Արմենակ Եգոռյանը, բենզինի կիսադատարկ շիշն այրելու նպատակով վառարանի մեջ է գցել, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում։ Պայթյունի պատճառով վնասվել է նաև տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, որը Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը, և թոռները՝ 6-ամյա Մանե Օ.-ն, 7-ամյա Սևակ Օ.-ն, 7-ամյա Կամո Ե.-ն, դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Կայքի տեղեկություններով` «Ապարան» ԲԿ–ում գտնվող տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։