ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսական խոշոր բիզնես-առաքելությունը, որը տարբեր ոլորտների ընկերություններ է ներառում, փետրվարի 24-25-ը Հայաստանում կլինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Այցի կազմակերպիչներն են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը` փոխնախարարներ Ալեքսեյ Գրուզդևի ու Նարեկ Տերյանի մակարդակով: Բիզնես առաքելությունը կլոր սեղաններ կանցկացնի, հանդիպումներ կունենա արտադրություններում։
Ռուսաստանցի հյուրերի թվում կլինեն մեքենաշինության, էներգետիկայի, մետաղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանների ներկայացվածությունը նույնպես լայն կլինի՝ Մոսկվա, Մոսկվայի մարզ, Սևաստոպոլ, Բաշկորտոստան, Կիրովի, Կուրգանի, Լիպեցկի և մի շարք այլ մարզեր:
Բացի այդ, վերջերս՝ փետրվարի 14-17-ը, Հայաստանում էր Լենինգրադի մարզի տարածաշրջանային բիզնես-առաքելությունը։
«Հստակեցնեմ՝ առաքելությունը չէր ներառում Սանկտ Պետերբուրգ քաղաքը, բայց անցյալ տարվա վերջին նաև պետերբուրգյան պատվիրակություն էր եկել, որը ռոբոտաշինության դպրոցական փաթեթներ, շոկոլադի նոր տեսակներ և այլ ապրանքներ էր ներկայացրել»,— հիշեցրեց Դոնչենկոն:
Փետրվարի 27-ին Երևան կժամանի Ռյազանի մարզի խոշոր գործարար առաքելությունը, որը կգլխավորի մարզպետ Նիկոլայ Լյուբիմովը:
Ցուցահանդեսը բացվելու է Երևանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնում և գործելու է երկու ամիս։ Պատրաստվում են նաև այլ տարածաշրջանային առաքելություններ Տուլայի, Չելյաբինսկի, Կուրգանի և այլ մարզերից։
«Մենք նպաստել ենք երկու ուղղություններով կապերի հաստատմանը. վերջերս Հայաստանի ու Չեչնիայի գործարարների մասնակցությամբ տեսակամուրջ էինք կազմակերպել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Չեչնիա»,– ավելացրեց Դոնչենկոն։
Վերջերս առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղու» և «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչների հանդիպումը:
«Չեմ կարող իրենց փոխարեն հայտնել պայմանավորվածությունների մանրամասները, բայց «Տաշիր» ընկերությունը, ինչպես գիտեք, արտադրական հնարավորություններ ունի տարբեր ոլորտներում, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել»,– ավելացրեց Դոնչենկոն:
2021 թվականի ընթացքում Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը նպաստել է ռուսական ապրանքների արտահանման շուրջ 130 նախագծերի առաջխաղացմանը, ինչի արդյունքում շուրջ 75,5 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել։