ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել` անդրադառնալով ԼՂ հակամարտության թեմային։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 15-ին, Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
Քննարկվել էր նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը: