Հայաստանի հավաքականի մասնակցությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին կարելի է բավարար համարել։ Այսպես է կարծում ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը, որը բացառիկ հարցազրույց է տվել Պեկինում աշխատող Sputnik Արմենիայի ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին։
Հայաստանի պատվիրակության ղեկավարը, թեև ընդհանուր առմամբ գոհ է մասնակիցների կատարած աշխատանքից, բայց ասում է, որ Երևանում քննարկումներ կունենան, եզրակացություններ կանեն, որպեսզի ապագայում Հայաստանից մասնակցությունը ձմեռային օլիմպիադային ավելի նշանակալի լինի։
Խոսելով առաջինը պայքարի դուրս եկած մեր դահուկորդների մասին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ Միքայել Միքայելյանը բավականին լավ դրսևորեց իրեն հենց առաջին րոպեից, սակայն վերջնագծին հասավ 47–րդ տեղում։
«Առաջին հայացքից թվում է` շատ հետ է 47–րդ տեղը, բայց այստեղ լինելով և տեսնելով, թե ինչպիսի ծանրություն է, հասկանում ես, որ բավականին դժվար էր գրավել այդ տեղը»,–ասաց նա։
Պատվիրակության ղեկավարը դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի մասին ասաց, որ կարելի է համարել ուղղակի մասնակցություն, բայց դա բավականին մեծ փորձ կլինի նրանց համար և ապագայում շատ ավելի լավ մասնակցություն կունենան։
Կատյա Գալստյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը և գրավեց 80–րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը` 94–րդ տեղը։
«Գեղասահքում մեր պարող զույգը բավականին լավ մասնակցություն ունեցավ։ Առաջին օրը նրանք իրենց բավականին լավ դրսևորեցին և անցան եզրափակիչ փուլ։ Բոլոր մասնագետներն ու մարզիչները գովեստի խոսքեր էին ասում մեր զույգին։ Նրանց մասնակցությունն էլ կարելի է բավարար համարել»,– Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ զույգի մասին այսպես է խոսում Գրիգորյանը։
Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգը գրավել է 18-րդ հորիզոնականը։
Նա ափսոսում է, որ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չկարողացավ մասնակցել, որովհետև դա ևս մեծ փորձ կլիներ և ձեռքբերում նրա համար։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից մեկը` լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, չմեկնեց Պեկին, քանի որ կորոնավիրուսի թեստը դրական էր եկել։
Հայաստանը Պեկինի օլիմպիական խաղերում ներկայացնում էին 5 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը:
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը: