Պատերազմը շատ բան խլեց, բայց հենց պատերազմի հետևանքները բուժելու ճանապարհին էր, որ Երջանիկն իր իսկական երջանկությունը գտավ՝ Սոնային։
Երջանիկ Ստեփանյանն Արմավիրից է, դպրոցում սովորելուն զուգահեռ դհոլ էր նվագում, հետաքրքրվում լուսանկարչությամբ, սիրողական հմտությունները նաև մասնավոր պարապմունքներով զարգացրեց, ու լուսանկարչությունը հոբբիից աշխատանք դարձավ։ Որոշել էր բանակից հետո շարունակել ուսումն ու լուսանկարչի գործը։ Ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ասում է՝ այնքան հրաշալի տեղ էր, որ պատերազմը չլիներ, 2-ի փոխարեն 3 տարի էլ կմնար, բայց 9 ամսվա ծառայող էր, երկնքից սկսեցին ռումբեր թափվել։
«Վարորդ էի, սեպտեմբերի 25-ին գնացինք Ջաբրայիլ` հրետանային հավաքների, ամսի 27-ի առավոտյան 6։30-ի մոտ էր՝ սնարյադն ընկավ․․․ Առաջին 3 օրը կորած էինք մեր հաշվարկով՝ 4 հոգով։ Մեքենայի անիվը ծակվել էր, մնացինք փոխելու, իրենք առաջ գնացին, կապը կտրվեց։ 3 օր հետո մի կերպ կապի դուրս եկանք։ Մի մինամյոտը մեր մոտ էր, ուզում էինք շուտ հասնել, որ 5-ի փոխարեն 6 մինամյոտով կրակեին։ Եկանք, հասանք, տղերքի ուրախությունն եմ հիշում, որ մեզ տեսան․․․»։
Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, թշնամին մեծ թվով ավիառումբեր նետեց, դրանցից մեկի պայթյունից Երջոն վիրավորվեց։
«Բռոնեժիլետի կրծքավանդակը պաշտպանող քարը հանել էի, հետևի կողմից դրել, հետո տեսա, որ էդ քարը լրիվ ցանց էր դարձել, բայց ողնաշարս պաշտպանել էր․․․»։
Բեկորներից մեկը վնասել էր Երջոյի որովայնը, մյուսները` ձախ ոտքը, երկու ձեռքերը։
«Սկզբում ոչ մի բան չէի զգում, մի պահ քարացել էի, հետո տաքություն զգացի, լրիվ արյուն էր, հետո ցավերը սկսվեցին․․․»,– պատմում է նա։
Երջանիկ Ստեփանյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Առաջին բուժօգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Երջոյին ցուցաբերեցին Իշխանաձորում, հետո տեղափոխեցին Գորիս, այնտեղից՝ Երևան։
Մայրը՝ տիկին Ազնիվը, այս պատմությունը երևի 100-րդ անգամ է լսում, բայց էլի մռայլվում է, խոհանոցում գործերը թողնում, ոտքից գլուխ լսողություն դառնում, հիշում է բժիշկների խոսքերը․ «Ապրելու շանսերը 50-50 են»։
«Շատ արյուն էր կորցրել, ինձ ասացին, որ նաև ոտքից է վիրավոր, մտածեցի՝ երևի կտրվել են, ինձ չեն ասում։ Վախենալով սավանը մի կողմ տարա, ասացի՝ փառքդ շատ լինի, Աստված ջան․․․»։
Դրանից հետո էլ մայրը պարբերաբար դեմքը որդու ոտքին էր հպում, որ տաքությունը զգա, վստահ լինի, որ հյուսվածքները չեն մեռել․․․
Երջանիկը հիվանդանոցում անցկացրեց մոտ 3 ամիս, դրանից հետո վերականգնողական բուժումները շարունակեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Հենց առաջին օրն էլ հանդիպեց նրան՝ բուժքույր Սոնային, որը նոր էր աշխատանքի անցել Զինվորի տանը։
Երջանիկ Ստեփանյանն ու Սոնա Սարիբեկյանը
© Photo : provided by Sona Saribekyan
Երջոյի զգացածն իր համար լրիվ նոր էր, ասում է՝ նախկինում երբեք չէր սիրահարվել, ոչ մի աղջկա սեր չէր խոստովանել։ «Սոնան բոլորից տարբերվեց,– ասում է նա ու ավելացնում,– առաջինն ու վերջինն է․․․»։
Թեպետ ներսում անծանոթ խլրտոց կար, բայց չէր պատկերացնում, թե այդ զգացածն իրենց ուր կտանի։ Առավել ևս մտքով չէր անցնում, որ 20 տարեկանում կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը կկայացնի՝ ամուսնություն։
«Սկզբում չէի հասկացել, որ իմ հանդեպ անտարբեր չի, թեպետ անընդհատ ինձ կոնֆետներ էր բերում․․․ Հենց դուրս գրվեց, հանդիպեցինք, ինձ մատանի նվիրեց, հետո պապայիս հետ ծանոթացավ»,– պատմում է Սոնան։
Սոնա Սարիբեկյանի` Երջանիկ Ստեփանյանի արած դիմանկարը
© Sputnik / Erjanik Stepanyan
Երջոյի ու Սոնայի առաջին հանդիպումից մոտ 3 ամիս անց նշանադրվեցին, 1 տարին էլ չանցավ՝ ամուսնացան։
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
© Photo : provided by Sona Saribekyan
«Պատերազմն ինձ փոխեց, երևի դրա համար որոշեցի ժամանակ չկորցնել, չսպասել ամիսներ, տարիներ․․․ ժամանակից թանկ ոչինչ չկա»,– ավելացնում է Երջոն։
Երջանիկ Ստեփանյանի ու Սոնա Սարիբեկյանի հարսանիքը
© Photo : provided by Sona Saribekyan
Սովորաբար զույգերն իրենց համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ փորձություններ, դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել՝ այդպիսով նաև իրենց սիրո ու միության ամրությունը ստուգելով։ Երջանիկի ու Սոնայի դեպքում համատեղ կյանքը հենց դժվարություններ հաղթահարելով էլ սկսվեց։ Երջոն օրեր առաջ արդեն 5-րդ վիրահատությունն է տարել, բժիշկները հուսով են՝ նախավերջինն է։ Ոտքը վնասած բեկորը թեպետ հեռացվել է, բայց դրա թողած հետքն անընդհատ բորբոքվում է, անգամ հակաբիոտիկները չեն օգնում։ Ցավերն ու բոլոր փորձությունները հաղթահարելի են, որովհետև սերը կա՝ Սոնան կողքին է, նկատում է Երջոյի ամեն թեթև շարժումը, հոգոցը, դեմքի աննշան փոփոխությունը։
«Ցավու՞մ է, դեղ բերե՞մ․․․»,- ցածրաձայն, հազիվ լսելի շշնջում է Սոնան ու վազում դեղի հետևից։
Երջոն խոստովանում է, որ ասեղներից է վախենում, դրանք էլ դեռ իրենից անպակաս են
© Sputnik / Andranik Ghazaryan
Երեխաների մասին էլ են արդեն մտածել, աղջկա անունը Սոնան է ընտրելու, իսկ տղայի դեպքում Երջոն ուզում է իր զոհված ընկերոջ՝ Իսոյի անունը դնել, որը վիրավոր փախել էր հիվանդանոցից, որպեսզի ընկերների կողքին լինի․․․
«Ձեզ մոտ լուսանկարիչ չե՞ն փնտրում»,- մեր բազմաթիվ հարցերից հետո էլ իր հերթին Երջոն է հարցնում։ Թեպետ նոր է վիրահատվել ու առայժմ քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բայց արդեն հիմնական աշխատանքի մասին է մտածում։ Սոնայի օգնությամբ ու հանուն Սոնայի պատրաստվում է արագ ոտքի կանգնել ու ամեն րոպեն լիարժեք ապրել։
Երջանիկ Ստեփանյանը
© Sputnik / Andranik Ghazaryan