Առողջապահական ապահովագրում ունենալու համար ըստ մշակված նախնական հայեցակարգի` աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից կվճարեն 3 տոկոս և դրան գումարած` գործատուն էլ իր կողմից պետք է 3 տոկոս վճարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով 2023-ից նախատեսված առողջապահական ապահովագրման ներդրմանը։
«Աշխատանքը կորցնելուց հետո 6 ամիս կպահպանվի փաթեթը։ Անհատ ձեռնարկատերերը ևս վճարումներ կկատարեն։ Իսկ այն քաղաքացիները, որոնք այսօր պետպատվերի շրջանակում են բուժօգնություն ստանում, կրկին պետության կողմից կսուբսիդավորեն ապահովագրության համար»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա այս դեպքում էլ, Ավանեսյանի խոսքով, պետությունը որոշակի կսուբսիդավորի ապահովագրման փաթեթ ունենալու համար, նրանք էլ իրենց կողմից որոշ գումարներ պետք է վճարեն։ Նախարարը հայտնեց` նախնական հայեցակարգը այժմ կառավարությունում է` քննարկման փուլում։
Ավանեսյանը նշում է, որ Հայաստանում վճարում ենք, երբ հիվանդանում ենք, ինչի պատճառով մեծ ծախսերի առաջ ենք կանգնում։ Իսկ առողջապահական ապահովագրումը կօգնի, որ այն մեծ գումարները, որը ըստ կարիքի ենք վճարում, կանխավ և փոքր չափաբաժիններով վճարենք։
Այս, ինչպես նաև Թուրքիայից դեղորայք ներմուծելու հեռանկարների, դեղերի հնարավոր գնիջեցման և այլ թեմաների մասին նախարարի զրույցը կարող եք նայել Sputnik Արմենիայի տեսանյութում։