Ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիա են կազմակերպել ու իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում։ Երեխաները դպրոցական հավաքածուներ են ստացել։ Վաղը նախատեսվում է մարդասիրական ակցիա անցկացնել Ստեփանակերտի մանկապարտեզում», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ են նվիրել Մաճկալաշեն գյուղի դպրոցի ավելի քան 100 երեխաներին:
«Այսօր մեր դպրոց խաղաղապահ ուժեր են եկել։ Ռուս խաղաղապահները երեխաներին նվերներ են բերել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս ամենի համար և մաղթել, որ խաղաղ երկնքի տակ ծառայեք, որ միշտ պաշտպանեք մեր անվտանգությունը», - ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լյովիկ Հովհաննիսյանը:
Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու հեռավոր շրջաններում ավելի քան 10 մարդասիրական ակցիա են անցկացրել կարիքավոր բնակիչների համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: