Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիիի դատարանում՝ պետական միջոցների վատնման գործով դատի ժամանակ, երգել է Ուկրաինայի օրհներգը: Նիստի հեռարձակումը հասանելի է Facebook-ում։
Սաակաշվիլին իր ելույթը սկսել է բոլոր մեղադրանքներն անհիմն անվանելուց և դատախազներին ու դատարանին կոռուպցիայի համար մեղադրելուց: Դա աժիոտաժ և կողմերի լեզվակռիվ է առաջացրել դատարանի դահլիճում։ Դրանից հետո փաստաբանները Սաակաշվիլիին են փոխանցել ուկրաինական դրոշը և հեռախոսով միացրել Ուկրաինայի օրհներգը, իսկ նախկին նախագահը սկսել է երգել։
Նրա փաստաբաններն ու կողմնակիցներն այդ ամբողջ ընթացքում կանգնած են եղել։
Սաակաշվիլին, որի վեցամյա բանտարկությունն արդեն ուժի մեջ է, մեղադրվում է նաև անձնական կարիքների համար 2004-2013 թվականներին ավելի քան 9 մլն լարի (ավելի քան 5 մլն դոլար) ծախսելու մեջ: Այս գործով Սաակաշվիլիին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում։
Դատավարության ժամանակ նա բազմիցս վիրավորել է դատավորին և նկատողություն ստացել դրա համար։
Նիստը պարբերաբար ընդհատվում է Սաակաշվիլիի և նրա փաստաբանների վարքագծի պատճառով, որոնք բոլոր մեղադրանքներին պատասխանում են, որ դա «քաղաքական գործընթաց է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր դատախազության տվյալներով` Սաակաշվիլին բյուջեից գումարներ է ծախսել արտասահմանյան հանգստավայրեր սեփական և ընտանեկան ուղևորությունների համար, թանկարժեք հագուստ է գնել, տարբեր կոսմետոլոգիական ծառայություններ է ստացել արտասահմանյան կլինիկաներում՝ անձամբ և ընկերների հետ, խոհարար է վարձել Իսպանիայից, ոճաբան՝ Իրանից և այլն: