Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները:
Խաղաղապահներն ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին:
Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:
Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում:
Խաղաղապահներն ուղեկցել են նաև շուրջ 300 ուխտավորի։
Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է տեղահանվածների ու կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա:
Հունվարի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ստացել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով:
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը և անցկացումը:
Շարունակվում են նաև տեղանքի և օբյեկտների ականազերծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքները:
Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: