ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի սպորտդահլիճում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից ընկել է և օրեր անց հիվանդանոցում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ հունվարի 11-ին, ժամը 13:50–ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն է։
Տղամարդը փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: