ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ ԼՂ հարցով բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք։ Սարգսյանն այս մասին ասաց այսօր հրապարակված իր հարցազրուցի ժամանակ։
ՀՀ երրորդ նախագահը վստահ է` Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված չէ։
«Մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, որը համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից (իշխանությունից,–խմբ.) պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության»,–ասում է նա։
Սարգսյանի խոսքով` ինքը չի ասում, որ պետք չէ ձգտել խաղաղության և պետք չէ ռևանշի տարր փնտրել։ Նա մանրամասնեց, որ իր ասածը հետևյալն է` չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` հնարավորություն ունենք բանակցային պրոցեսը վերականգնելու և պետք է պնդենք, որպեսզի ներկայիս իշխանությունը գնա այդ ճանապարհով:
Նա հավելեց, որ պետք է շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով:
Սարգսյանը կարծում է, որ եթե այդ պահանջները նորմալ ներկայացնենք, ապա որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է:
Նա հայտարարեց նաև, որ 2018 թվականից հետո (հատկապես կործանարար պատերազմից հետո) մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ, սակայն ՀՀ–ն երբեք ռազմատենչ չի եղել։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ մենք երբեք ռևանշիստ չենք եղել, բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: