Խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներից մեկին

Բազմազավակ ընտանիքի ամենակրտսեր անդամը 5 ամսական է։
Sputnik
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեփանակերտում կազմակերպված մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքին տաք իրեր, հագուստ, խաղալիքներ, կենցաղային իրեր, դեղորայք և մթերք են փոխանցել։

«Այսօր Ստեփանակերտ քաղաքում հասցեական մարդասիրական ակցիա է իրականացվել հադրութցի փախստականների համար։ Ընտանիքը յոթ անդամ ունի` կինը, ամուսինը և հինգ դուստրերը: Ամենափոքրը` Սոֆին, 5 ամսական է։ Հաջորդ շաբաթ մարդասիրական ակցիա կանցկացվի Մարտակերտի շրջանում», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը:

Ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 50 ընտանիք հասցեական մարդասիրական օգնություն են ստացել ռուս խաղաղապահներից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: