Դեռ կան հնարավորություններ. Սարգսյանը վստահ է` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է մարդկանց վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում` դեռևս կան հնարավորություններ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր հրապարակված իր հարցազրույցում։

«Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:

Սարգսյանի բնորոշմամբ` հուսախաբության մթնոլորտ կա: ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ և՛ գործող իշխանությունների, և՛ Ադրբեջանի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է մարդկանց վրա: Սակայն ինքը վերահաստատում է իր ասածը` Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: