ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը հայոց փառապանծ բանակն է կրելու։ Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնական կայքը։
«Անցած երեք տասնամյակի ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Ես հավատում եմ հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին»,– շեշտել է Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։
Նա ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց:
Նշվում է, որ առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև Եռաբլուրում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։