ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկից սկանդալային տեղեկություններ է հայտնել։
Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, որին հաջողվել է Ավագյանի կնոջ միջոցով կապ հաստատել նրա հետ։
Տեղեկությունները վերաբերում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սկզբում Ավագյանը պարզաբանել է, թե ինչպես են նրան ձերբակալել` նշելով, որ ՌԴ–ում իր ձերբակալությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` նրան ամեն գնով Հայաստան վերադարձնելու: Նա նախ խոստովանել է, որ աջակցել է մի խումբ անձանց` խուսափել մաքսատուրք վճարելուց:
«Այդ խումբը կազմված է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»,– գրել է Բորիս Ավագյանը:
Թերթը գրում է, որ նա վստահեցրել է, թե ինքն այդ պահին հավատացել է «փաշինյանական բանդայի ստերին», սակայն հետո հասկացել է, որ գումարները նրանք յուրացնում են, ու անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրել է այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
«Ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննում էին Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը»,– նշել է Ավագյանը։
Նա հայտնել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից` Վանեցյանի հրաժարականից հետո, քրեական գործը փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի կասեցվեր «Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների» հետաքննությունը: Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչը նաև գրել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ինքը վտանգ է ներկայացնում ՀՀ իշխող ուժի համար:
«Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ, սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել ՌԴ–ում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը ՀՀ–ում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում նրա մասին ճշմարտությունն ասելու»,– գրել է Ավագյանը։
Նա նաև խոստացել է հրապարակումների շարք սկսել, որով «կպատռի Նիկոլ Փաշինյանի և նրա բանդայի դիմակը»։
Հիշեցնենք, որ Ավագյանն արդեն 1 ամիս է, ինչ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Նշենք` դեկտեմբերի կեսերին համացանցում հայտնվեցին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են Ավագյանին բերման ենթարկում ՌԴ–ում։