ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Բորիս Բախշիյանը:
Նիստին պետք է քննարկվի նաև Մինասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը մեկ այլ տեսակի խափանման միջոցով փոխելու միջնորդության քննարկումը:
Դատավորի հարցին, թե առողջական վիճակն ինչպիսի՞ն է, Մինասյանը պատասխանեց, թե դիմանում է: «Սրտի խնդիրներ ունեմ»,-կարճ պատասխանեց Մինասյանը:
Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին հայտնեց, որ Մինասյանի մոտ տարիներ առաջ երկու անգամ սրտամկանի կաթված է գրանցվել, երեք անգամ սիրտը ստենտավորել են Նորք-Մարաշ ԲԿ-ում:
«Մինասյանը սրտի բաց վիրահատությւոն է տարել, որից հետո երկրորդ աստիճանի սրտային անբավարարություն ունի: Բացի այդ, ստամոքսի խոց է ունեցել, որի համար նույնպես վիրահատվել է: Հրազենային վնասում է ստացել 1999-ին, ինչի հետևանքով թոքի որոշ մասը հեռացվել է»,-ասաց Պողոսյանը:
Նա հավելեց, որ Մինասյանի խորհուրդ են տվել դեղորայքային բուժում ստանալՙ սրտաբանի հսկողությամբ: Պաշտպանը էպիկրիզը դատավորին տրամադրեց: Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը: Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։