ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ու նրանց վճարած հարկերի ցանկը, որի առաջին հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. ԶՊԿ–ն տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 48 մլրդ 842 մլն դրամ։
Հետաքրքրական է, որ կոմբինատը տարվա առաջին 3 եռամսյակում` հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ խոշոր հարկատուների ցանկում մշտապես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Գազպրոմ Արմենիայից» հետո։ Եվ միայն տարեվերջին` չորրորդ եռամսյակում է գլխավորել հարկատուների ցանկը` շուրջ 1 մլրդ դրամով գերազանցելով «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի չափը։ Սա թերևս համաշխարհային շուկայում պղնձի գնի անկասելի բարձրացման հետևանք է։
«Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում 47 մլրդ 825 մլն դրամի հարկ է վճարել բյուջե։
Երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է (42 մլրդ 656 մլն դրամ), չորրորդը` «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը 42 մլրդ 157 մլն դրամ հարկ է վճարել բյուջե։
Ավանդաբար խոշոր հարկատուների տասնյակում են շարունակում մնալ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները` համապատասխանաբար 20.8 և 20.3 մլրդ դրամ հարկային մուտքերով։
Խոշոր 10 հարկատուների շարքում են նաև հեղուկ վառելիքի շուկայի խոշոր ընկերությունները`
«Ֆլեշը» (18,1 մլրդ) և «Սի Փի Էս օյլ»–ը (15,4 մլրդ)։
Կապի օպերատորներից խոշորների տասնյակում է միայն «ՄՏՍ Հայաստանը»` 15.7 մլրդ դրամ տարեկան հարկերով։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ԹԵՂՈՒՏ» հանքարդյունաբերող ընկերությունը, որն այս տարվա ընթացքում 15.3 մլրդ դրամի հարկ է մուծել պետությանը։
Նշենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողները միասին 2021թ.–ի ընթացքում ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ են վճարել պետական բյուջե:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, մաքսային մարմին կատարված վճարումները` ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։